Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական տեղեկություններն էին ստացել, ըստ որոնց՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ ձեռք է բերում տարբեր թմրամիջոցներ և իրացնում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Քրեական ոստիկանության ծառայողները տեղեկությունները մանրակրկիտ ստուգել են՝ համագործակցելով Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվել  ու Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել չորս տղամարդ։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են ներարկիչներ, որոնցից մեկը՝ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող հեղուկով, սրվակներ, «B» գրառմամբ սուբուտեքսի կես հաբ, մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա ու ծալովի դանակներ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել են քրեական գործեր, նշանակվել փորձաքննություններ։

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները փաստել են, որ նրանց թմրամիջոցներն իրացրել էր Նոր Նորքի Մոլդովական փողոցի 40-ամյա բնակիչը։ Նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա և գաղտնի փականով 2 դանակ: Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 40-ամյա տղամարդու բնակության վայրը։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և կշեռք։

Քրեական գործերը ոստիկանությունից փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում