Արդշինբանկի աջակցությամբ Հայաստանի ագրարային համալսարանում «լոֆթ» սրահ է բացվել (ֆոտո)
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց «լոֆթ» ոճի համալսարանական սրահ, որն ուսանողակենտրոն արդյունավետ կրթական միջավայրի ստեղծման հերթական կարևոր քայլ է: ՀԱԱՀ-ի աջակցության հիմնադրամի այս նախաձեռնությանն աջակցել է Արդշինբանկը։
«Լոֆթ» սրահի գաղափարն առաջացել է աշխարհի առաջատար համալսարանների օրինակից: Նոր հարմարավետ սրահը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, որոնք անհրաժեշտ են հանդիպումներ, բանավեճեր, շնորհանդեսներ, թեմատիկ ակումբների հանդիպումներ անցկացնելու համար: Սրահում առկա է նաև գրադարան: Ձևաչափը ենթադրում է ուսուցիչների և ուսանողների միջև հաղորդակցության նոր, ավելի ազատ ձևաչափ, որը կնպաստի ուսանողների՝ սովորելու ձգտմանը եւ ստեղծարար մտածելակերպի ու հմտությունների ձեւավորմանը։
Բացման արարողության ժամանակ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը ողջունեց եւ շնորհավորեց ներկաներին։ «Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք մեր լուման ներդնել նոր սերնդի կրթության գործում։ Ուսանողներն այստեղ կունենան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ սովորելու, ստեղծագործելու, գիտությամբ զբաղվելու համար։ Կահավորելով այս սրահը, մենք այդ գործընթացի սկիզբն ենք դնում», – ասաց պարոն Անանյանը։
Ինչպես նշեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ծրագրի ֆինանսավորումը Արդշինբանկի կողմից, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շատ լավ օրինակ է. «Ուրախությամբ նոր ընթերցասրահը հանձնում ենք մեր ուսանողներին։ Սա նոր գաղափարների մտահղացման, նոր ստարտափների ստեղծման լրացուցիչ հնարավորություն է։ Շնորհակալություն Արդշինբանկի մեր գործընկերներին՝ համախոհության եւ աջակցության համար»։
Նախատեսվող միջոցառումները ներառելու են համալսարանում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված դասընթացներ, որոնք կանցկացնեն ֆինանսաբանկային ոլորտի, այդ թվում Արդշինբանկի հրավիրյալ մասնագետները։
Կարծիքներ