Կոչ եմ անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, չդառնալ գործիք հանցագործների ձեռքում. Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանն, ըստ որի ընդդիմությունը փորձելու է գրոհել ԱԺ շենքը, կոչ է արել ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, հավաքի մասնակից հարգելի՛ քաղաքացիներ, կոչ եմ անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, չտրվել սադրանքներին, չդառնալ գործիք հանցագործների ձեռքում՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները, իսկ մենք եւ իրավապահ համակարգը վստահ և աներկբաորեն թույլ չենք տալու որևէ մեկին ոտնձգություն իրականացնել պետության ու ժողովրդի իշխանության դեմ»։
Կարծիքներ