Ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց. Իտալիայի խորհրդարանականների կոչը COP29-ին ընդառաջ

Ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց. Իտալիայի խորհրդարանականների կոչը COP29-ին ընդառաջ

Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ COP29-ի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։

 

Կոչում ասված է հետևյալը.

«Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,

Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,

Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,

Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,

 

Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.

 

Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,

Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում