Սերբիայի իշխանությունները խոստացել են վճարել մայիսին պատվաստվողներին
Սերբիայի իշխանությունները կվճարեն բոլոր նրանց, ովքեր մայիսին կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ։ Սա աշխարհում առաջին նման նախաձեռնությունն է պետական մակարդակով։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ Սերբիայի՝ 16 տարեկանից բարձր բնակիչները, որոնք մինչև մայիսի 31-ը կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեկուզ մեկ դեղաչափ, կստանան 3 000 դինար (շուրջ 25 եվրո)։ Այս մասին սերբական Pink TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ես խորհրդակցեցի վարչապետի հետ, և մենք որոշեցինք, որ չենք կարող բռնի որոշում ընդունել՝ կապված պատվաստման հետ։ Մենք մտածեցինք՝ ինչպես պարգևատրել այն մարդկանց, որոնք պատասխանատվություն են դրսևորում։ Որոշում կայացրինք լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել պատվաստվողներին»,- ասել է Սերբիայի նախագահը։
Իսկ այն պետական աշխատողները, որոնք պատվաստվել են և վարակվել կորոնավիրուսով, կստանան վճարվող արձակուրդ։ Չպատվաստվածները հիվանդանալու դեպքում չեն վճարվի բուժման ընթացքում աշխատանքի չհաճախելու ժամանակ։
Պատվաստումների համար պարգևատրում գոյություն ունի նաև այլ երկրներում, սակայն տվյալ ձեռնարկության կամ նահանգի մակարդակում միայն։ Այս պրակտիկան տարածված է ԱՄՆ-ում, երբ ընկերությունները պատվաստված հաճախորդներին առաջարկում են զեղչեր և նվերներ։ Իսրայելում տեղական իշխանության մարմինները պատվաստվածներին տալիս են սննդամթերքի հավաքածու, Ճապոնիայում՝ նվեր-քարտ, իսկ ամերիկյան Նյու Ջերսի նահանգում՝ անվճար գարեջուր։ Ռուսաստանի մի շարք շրջաններում ևս նման բան են արել։ 60-ից բարձր տարիքի անձանց Մոսկվայում պատվաստման դիմաց առաջարկել են 1000 ռուբլու նվեր-քարտ։
Սերբիայի 7 միլիոն բնակչությունից պատվաստվել է 1,3 միլիոնը։
Կարծիքներ