Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործընթաց. Միրզոյան

Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործընթաց. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:

Արդյո՞ք միջնորդական ջանքերի չեղարկում հնարավոր է առաջիկայում, և զինծառայողների փոխանակման գործընթացից բացի, երկկողմ այլ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կամ դրանք ձեռնարկվու՞մ են արդյոք՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված, հարցին, Միրզոյանը պատասխանել է.

«Կարծում եմ, որ պետք է Ադրբեջանը վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործընթաց: Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ մեծ մասը գործի, ըստ էության, արված է, եթե խոսում ենք պայմանագրի մասին և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ, էական հարցի շուրջ վերջնական ձևակերպումների:

Բայց այդտեղ գաղտնիք չկա, հանրահայտ սկզբունքների մասին է խոսքը, քիչ առաջ էլ ասացի, որ սկզբունքների կոնկրետ, չկրկնեմ: Ինչ վերաբերում է երկկողմ-չերկկողմ, այնուամենայնիվ, հիմնական խնդիրը բանակցությունների բովականդակությունն է: Եթե շատ բծախնդիր նայենք այս ձևաչափերի հարցին, մեր վերջին շրջանի երկու տարվա, երեք տարվա բանակցությունները եղել են երկկողմ, համենայն դեպս այդպես ենք հռչակել, ֆասիլիտացվել են միջազգային դերակատարների կողմից:

Մենք կարծում ենք, որ այսպես էլ պետք է շարունակել: Ինչ-որ չափով դրանք արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը: Արդեն ասացի, գործի ահագին մասը, մեծ մասը, մեծագույն մասը, ես կասեի, արդեն արված է, և եթե մենք վերադառնանք ու նույն ընդունված մեխանիզմներով շարունակենք, մենք կկարողանանք արագ արդյունքի հասնել:

Բացակայող կոմպոնենտը կամ այն բաղադրիչը, որ մենք կուզեինք տեսնել և որը կգա լրացնելու այս ամբողջ շղթան և հասցնելու տրամաբանական ավարտին, Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքն է, որը հիմա պետք է դրսևորվի կամ չդրսևորվի: Հուսամ կդրսևորվի»:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում