ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում:

«Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք միացվել էին մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուրիստական գործակալության տնօրենը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում