Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի 51-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023 թ. մարտի 6-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է:

 

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 51-ամյա տղամարդը, ամուսնալուծությունից հետո կնոջը մայրությունից զրկելու հանգամանքով պայմանավորված խնդիրներ ունենալով վերջինիս հետ, պարբերաբար ակնարկել է նրան վրաերթի ենթարկելու միջոցով կյանքից զրկելու մասին:

 

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2023 թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, 51-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ ավտոճանապարհի ձախակողմյան հանդիպակաց գոտում, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որից հետո հեռացել է դեպքի վայրից:

 

Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014 թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված MP654-K մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, և որպես պատիժ նշանակվել էր տուգանք: Եվս մեկ՝ 2016 թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել էր:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի 51-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում