Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերի հետ զրույցում խոսել է նաև հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի մասին
Մայիսի 2-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ:
Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության և պարեկային ոստիկանության ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների նախաձեռնություններին։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակներում USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող նորարարական և կայուն զարգացման ծրագրերին՝ նպաստելու երկրում ժողովրդավարական զարգացմանը, տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Ադրբեջանի կողմից պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայրենադարձման անհրաժեշտությունը:
Կարծիքներ