Ադրբեջանը պատրաստ է կրկին ռազմական ճնշում գործադրել նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը

Ադրբեջանը պատրաստ է կրկին ռազմական ճնշում գործադրել նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը

ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել է աշխարհում առլա «Գլոբալ ռիսկեր»-ի մասին զեկույցը, որտեղ ի թիվս աշխարհի տարբեր երկրների շուրջ ծավալվող իրադարձությունների ու դրանց հետևանքների, անդրադարձ կա նաև մեր տարածաշրջանին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունները խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և հաճախ անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ տեղակայված լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` կրկին ռազմական ճնշման դիմել  Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար:

Զինված ուժերի շարունակական ներկայությունը չսահմանազատված սահմանի երկայնքով բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»,-ասվում է ամերիկյան զեկույցում:

Նշվում է, որ 2021 թվականի մայիսից միջպետական սահմանին և շրջակայքում պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում:

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիային:

«2021 թվականի մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և պատճառելով մահ շուրջ 300 զինվորականի:

Խաղաղ բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են լուծվելուց»,- եզրափակվում է հայ-ադրբեջանական հակամարտության առնչվող հատվածում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում