Դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից․ Փաշինյան

Դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից․ Փաշինյան

Հայաստանը անհրաժեշտ է համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, սակայն այս գործընթացը սկսելը դժվար է պատկերացնում այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո 5-6 օր է եղել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է, սա այն արձանագրումն է, որ մենք արել ենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային՝ վարչապետը հիշեցրեց, որ դեռ մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը՝ դեմարկացիաի և դելիմիտացիայի մասին: «Եվ հիշում եք, թե ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց: Հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ այս փաստաթղթի ստորագրման պահը կորսվել և բաց է թողնվել: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն  արձանագրեց, որ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում սահմանին: Հիմա, կարելի է ասել, միջինացված բավականին ցածր են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Բայց նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ որ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել. մեկ տարվա ընթացքում՝ ընդամենը 5-6 օր, հրադադարն ամենօրյա ռեժիմով խախտվում է Արցախում: Չնայած Արցախում նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին, հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում»,-ասաց վարչապետը:

Հայաստանը կարևոր է համարում պայմաններ ապահովելը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի համար: Պայմանների ապահովման անհրաժեշտության մասին Հայաստանը նախկինում մի քանի անգամ արդեն արձանագրել է: «Ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին, հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում շատ դժվար է: Չնայած, մենք այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք»,- հայտնեց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ՝ Փաշինյանը բացասական պատասխան տվեց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում