Քրեական գործեր՝ հանքարդյունահանման ոլորտում առերևույթ չարաշահումների վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառռւյթի շրջանակներում իրականացվում են ուսումնասիրություններ հանրապետության տարբեր տարածքներում ընդերքօգտագործման հետ կապված օրենսդրության պահանջների պահպանության վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված նյութերի հիման վրա սկսված ուսումասնիրությամբ, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, պարզվել է, որ ըստ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2021թ. փետրվարին ՀՀ Արարատի մարզի Շահումյան-Ռանչպար հատվածներում` Արաքս գետի ավազանում իրականացված չափագրման արդյունքների, արձանագրվել է, որ «Ա...» ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ նախատեսված Նորամարգի ավազի հանքավայրին հարակից տարածքում՝ 5.871,2 մ2 մակերեսից արդյունահանվել է 14.678 մ3 ավազ:
ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով նախնական հաշվարկով նշված ծավալով օգտակար հանածոյի արժեքը (առանց անուղղակի հարկերի) կազմել է ավելի քան 35 մլն դրամ, որի միայն բնօգտագործման վճարը կազմել է շուրջ 3մլն դրամ:
Այսինքն, թույլտվածությամբ չնախատեսված տարածքում ընկերության կողմից հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 14,678 մ3 ծավալով` 35մլն դրամ արժեքով ավազի արդյունահանման արդյունքում ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս:
Մեկ այլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա կատարված ուսումանսիրությամբ պարզվել է, որ «Ֆ...» ՍՊԸ-ն 31.03.2021թ. գրությամբ դիմել է նշված նախարարություն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:
Ընկերության կողմից ներկայացված նյութերում առկա են եղել էական անհամապատասխանություններ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ֆոնդային նյութերի հետ: Մասնավորապես, հանքավայրի հարավային տեղամասի շահագործման աշխատանքային նախագիծը կազմված է ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների համար, որին համապատասխան՝ ՍՊԸ-ն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող քարտեզագրական նյութեր՝ առանց դրանց վրա արտահայտված բացահանքի եզրագծերի՝ հաստատված նշված ՊՈԱԿ-ի ֆոնդային կնիքով: Մինչդեռ, ՊՈԱԿ-ի ֆոնդի քարտեզագրական նյութերում առկա են բացահանքի եզրագծեր:
Նշված ուսոմնասիրությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է երկու առանձին քրեական գործ: Առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ