Մհեր Սահակյանը կողմ կքվեարկի իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հայտարարեց, որ մարտի 31-ին պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկմանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ դիմելով անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Մհեր Սահակյանը ներկայացրեց միջադեպի վերաբերյալ իր տեսակետը։
«2023 թվականի մարտի 31-ին, ժամը 10։00-ին պետաիրավական հանձնաժողովում նախատեսված էր աշխատանքային փակ քննարկում։ Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպե ուշացմամբ։ Մոտավորապես 20 րոպե տևել է հարցերի քննարկումը, որից հետո մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի օբյեկտիվ հարցադրմանը, թե արդյոք Հռոմի ստատուտի վավերացումը չի առաջացնի ավելորդ ռիսկեր մեր Հանրապետության համար, իշխանական պատգամավորների կողմից արժանացավ բուռն արձագանքի և անհարկի վիրավորանքների։ Վեճի ընթացքում Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորեց ագրեսիվ վարքագիծ։
Նշեմ, որ վեճի ընթացքում չեմ միջամտել մինչ այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը, չարաշահելով իր՝ որպես վարողի լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք էր ցուցաբերում, մասնավորապես՝ գոռում և նկատողություն անում ընդդիմադիր պատգամավորներին։ Երբ հերթական անգամ վարողը, ձեռքը սեղանին հարվածելով, ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները և ցուցադրաբար նայելով աչքերիս մեջ (նրա, ով դեռ ոչինչ չէր արտահայտել) մեղադրանքներ հնչեցնելով պահանջեց լռել, ես նույն տոնայնությամբ ձեռքս հարվածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից, պահանջեցի, որպեսզի հարգանք ցուցաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վերաբերմունք չդրսևորվի։ Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կանգնելով, բղավելով, որ ում վրա ուզի և երբ ուզի կարող է այստեղ բղավել, մոտեցավ։ Ես, հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածքը և բղավելով արագ ինձ մոտենալը, ուղղվեցի մեկ քայլով և հարված հասցրեցի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, որից հետո, ցանկություն չունենալով, որ վեճը շարունակվի և ընդլայնվի, անմիջապես հեռացա այդ սենյակից»,- ասաց Սահակյանը։
Պատգամավորը պնդում է, որ դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության։
«Հարվածը եղել է և, եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ հենց դրա համար, ընդհուպ մինչև ազատազրկում։ Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե թաքնվում են անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ, որ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,- եզրափակեց Սահակյանը։
Սահակյանը նաև հայտարարեց, որ համաձայն չէ գլխավոր դատախազի միջնորդագրում ներկայացվածի հետ, թե իր արարքում խուլիգանության հատկանիշներ կան։
Կարծիքներ