Բաթումում և Քութայիսում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Քութայիսի օդանավակայանում և Բաթումում բերման են ենթարկել Թուրքիայի հինգ քաղաքացիների: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։
Նրանցից չորսը Քութայիսի միջազգային օդանավակայանում անձնագրային հսկողությունն անցնելիս սահմանապահին Ֆրանսիայի քաղաքացու կեղծ ժամանակավոր կացության թույլտվություն են տրամադրել: Մեղադրյալները նախատեսում էին թռչել Քութայիսից Միլան: Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 19 տարեկան է, ամենամեծը՝ 36:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Բաթումում բերման ենթարկված 57-ամյա տղամարդը, որը կազմակերպել է ապօրինի սահմանի հատումը, նույնպես Թուրքիայի քաղաքացի է:
Ոստիկանությունը, որպես իրեղեն ապացույց, առգրավել է կեղծ փաստաթղթերը:
Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ երեք հոդվածներով. «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ», «Կեղծված փաստաթղթերով միգրանտների կողմից ապօրինի ճանապարհով Վրաստանի պետական սահմանի հատում» և «Կեղծ փաստաթղթերի պատրաստում, վաճառք կամ օգտագործում»:
Ձերբակալվածներին սպառնում է երեքից ութ տարի ազատազրկում:
Կարծիքներ