Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հետագա հաջողություններ մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու ջանքերը կներդնի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել խորացման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հարցերին: Նշվել է, որ թեև երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ կան մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արտադրության, ֆինանսաբանկային, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: Երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի հայ համայնքի դերը, ինչպես նաև գործարար և մշակութային շփումների ակտիվացումը:
Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ընդգծել է, որ պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ամրապնդելու համար: Նա նշել է, որ անգամ համավարակի և միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում է նկատվում, և վստահություն է հայտնել, որ այդ միտումները կշարունակվեն:
Կարծիքներ