Ալեն Սիմոնյանը՝ իր ենթադրյալ բնակարանը հայտարարագրից թաքցնելու մասին

Ալեն Սիմոնյանը՝ իր ենթադրյալ բնակարանը հայտարարագրից թաքցնելու մասին

Ես կարծում եմ, որ դա այլևս ակտուալ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ԱԺ պատվիրակության կազմում ԱՄՆ այցը չեղարկելուն:

Հիշեցնենք՝ Վանեցյանը հայտնել էր, թե իրեն վերջին պահին են տեղեկացրել, որ չի մասնակցելու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի հետ հանդիպմանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք ԱՄՆ-ում շատ այլ կարևոր հանդիպումներ են ունեցել:

«Եթե Արթուր Վանեցյանը ցանկություն ուներ անձամբ Փելոսին տեսնել և նրա հետ զրուցել, դա ուրիշ խոսակցություն է, բայց եթե քաղաքական գործչի գործունեության հարց է, դա այլ հարց է: Իրականությունն այն է, որ քովիդի պատճառով պատվիրակության կազմը կրճատվել է, այդ պատճառով 1-2 հոգով ենք ներս մտնել, որևիցե դիտավորություն տեղի չի ունեցել: Ես կարծում եմ՝ պետք չէ դրա վրա կենտրոնանալ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը գույքի և եկամուտների հայտարարագրի ենթակա գտնվող իր բնակարանը թաքցրել է՝ Սիմոնյանն ասաց, որ այդ բնակարանը պատկանել է իր տատիկին, որը շուրջ 8 տարի առաջ վաճառվել է։

«Խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինել նման դեպքերում, խորհուրդ եմ տալիս լավ տնտղել: Նշված գույքը կոմունալ պուճուր բնակարանն է տատիկիս, որը վաղուց վաճառվել է: Որևիցե նշելու բան չի եղել, երբ ես պաշտոնյա եմ եղել։ Նշված բնակարանը 7-8 տարի առաջ վաճառվել է»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այդ հարցը քննարկել է նաև փաստաբանների հետ. «Ուսումնասիրում են, կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ։ Այնտեղ ակնհայտ զրպարտություն կա, կա նաեւ բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրական խնդիր»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում