Անկարայում հայկական գերեզմանատան վրա խանութներ են կառուցում. Փայլանին թույլ չեն տվել մտնել տարածք
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա: Այս մասին հայտնում է Bianet-ը:
Առաջինը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղն էր մարտի 10-ին ահազանգել այն մասին, որ մայրաքաղաքի պատմական Ուլուս թաղամասում խանութներ են կառուցելու պատմական հայկական գերեզմանատան վրա: Մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր. «Գիտական աղբյուրներում ասվում է, որ այս տարածքը եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանատուն: Անօրինական փորման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, որոնք Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանի կողմից տարվել են ուսումնասիրման: Չնայած այս ամենին՝ այս տարածքում շինարարության շարունակումը մեծ անարգանք է անատոլիական հողերում բազմամշակութայնության նկատմամբ: Սա բարբարոսություն է, մարդու իրավունքների ոտնահարում»:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը բարձրացրել էր մեջլիսում: Նա հարցում էր արել Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումին՝ նշելով, որ թեպետ շինարարության ժամանակ այդ տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, սակայն շինարարական աշխատանքները չեն կասեցվել: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչու չի դադարեցվում շինարարությունը, արդյոք TOKİ-ն տեղյակ է, որ այդպիսով ոչնչացնում է Անկարայի մշակութային հարստությունն ու քաղաքային հիշողությունը, և ինչու է բետոն լցվում հայերի ոսկորների ու մշակութային հարստության վրա: Նախարար Մուրադ Քուրումը դեռևս չի արձագանքել Փայլանի հարցմանը:
Կարծիքներ