Արցախի նախագահն ու պետնախարարը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի պատարագների

Արցախի նախագահն ու պետնախարարը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի պատարագների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանն ընտանիքի հետ պատարագին ներկա է գտնվել Գանձասարի վանական համալիրում:

«Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին»,- ասված է հաղորդագրությունում:

Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատարագին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարում:

«Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք: Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը: Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն մեր արդար ձեռնարկումներում: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,- գրել է Մարտիրոսյանը:

Ստեփանակերտի Մայր տաճարում պատարագը մատուցվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ:

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Սուրբ Ծննդին նախորդող օրը՝ հունվարի 5-ին ՀԱԷ բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում