ՀՀ վարչապետը մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Հունիսի 24-ին տեղի է ունեցել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության զորքերի վետերաններ։
Նիկոլ Փաշինյանը, Վահե Ղազարյանն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները նախ եղել «Հավերժության պուրակում», որտեղ տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր։
Կազմավորման 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի վարչական շենքի բակում եղևնի է տնկել: Նիկոլ Փաշինյանը և գործադիր իշխանության ներկայացուցիչները ծանոթացել են Ոստիկանության զորքերի սպառազինությանն ու տեխնիկային:
Այնուհետև շարահրապարակում մեկնարկել է տոնական միջոցառումը։ Ներկայացվել է Ոստիկանության զորքերի անցած 30-ամյա ճանապարհն ու մարտական ուղին, ինչից հետո շնորհավորական խոսք է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրհնության կարգէ կատարել և շնորհավորական խոսք ասել ոստիկանության հոգևոր առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պարգևներ են հանձնել բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների:
Հանդիսավոր երթից հետո ցուցադրական ելույթներ են ունեցել Ոստիկանության զորքերի նվագախումբն ու պատվո պահակախումբը։ Տոնական միջոցառումն ավարտվել է Ոստիկանության զորքերի երգչախմբի ու «Նկարագիր» պարային համույթի ելույթներով։
Կարծիքներ