Բացահայտվել է Սեուլի քաղաքապետի մահվանից առաջ գրած երկտողի բովանդակությունը
Սեուլի քաղաքապետ Փաք Վոն Սուն, որին մահացած են հայտնաբերել, մահվանից առաջ երկտող է թողել, որում ներողություն է խնդրել բոլորից և խնդրել է դիակիզել իրեն, գրում է Yonhap գործակալությունը:
Քաղաքապետի թողած երկտողը հայտնաբերվել է նրա պաշտոնական նստավայրի աշխատասենյակի սեղանին:
«Ես բոլորի առաջ մեղավոր եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին են եղել կյանքի ընթացքում: Ես միշտ ինձ մեղավոր եմ զգացել ընտանիքիս առաջ, որին չկարողացա ոչինչ տալ՝ ցավից բացի: Դիակիզեք ինձ և աճյունս շաղ տվեք ծնողներիս գերեզմանի վրա: Մնաք բարով»,- ասվում է երկտողում:
Հինգշաբթի երեկոյան քաղաքապետի դուստրը ոստիկանությանը հաղորդել է, որ հայրը տնից դուրս է եկել՝ «կտակի նման գրառում թողնելով» և անջատել է հեռախոսը: Կեսգիշերից հետո ոստիկանությունը քաղաքապետի դին հայտնաբերել է նրա նստավայրի մերձակայքում գտնվող քաղաքային այգում: Ըստ նախնական տվյալների, դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:
Հուղարկավորությունը կսկսվի երկուշաբթի և կտևի հինգ օր՝ համաձայն քաղաքապետի թաղման հատուկ կարգի:
Ավելի վաղ SBS հեռուստաալիքը, ոստիկանության աղբյուրներին հղումով, հաղորդել էր, որ Փաք Վոն Սունի նախկին քարտուղարուհին նրան մեղադրել է ոտնձգությունների մեջ՝ անհետանալուց մեկ օր առաջ: Աղջիկն ապացույցներ է ներկայացրել և հայտնել, որ կան նաև այլ զոհեր:
Կարծիքներ