Արտաշատի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է

Արտաշատի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի երիտասարդից փող է շորթել՝ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։

Նախնական տվյալներով՝ արտաշատցի երիտասարդը մյուսից պարբերաբար պահանջել ու ստացել էր ընդհանուր կես միլիոն դրամից ավելի գումար։ Ըստ տեղեկությունների՝ 400․000 դրամ էլ պահանջել էր օգոստոսի 30-ին։

Հանցագործության բացահայտմանը ներգրավվեցին ՔՈԳՎ, Արարատի մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողները։ Պահանջած գումարը Արտաշատի Մարքսի փողոցում վերցնելուց հետո 27-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց «շորթում» գրառմամբ 20 հատ 20-հազարանոց։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ բերման ենթարկված երիտասարդը օգոստոսի 17-ից 30-ը տուժողից շորթել է ընդհանուր 970 հազար դրամ։

Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 33-ամյա մի տղամարդ, որին Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին սեպտեմբերի 3-ի երեկոյան ու ներկայացրին Արարատի մարզային քննչական վարչություն։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում