Գետափնյայի բնակչի տնից հայտնաբերվել է 1-3 մետր բարձրության կանեփի 852 թուփ եւ 144 գրամ մարիխուանա (տեսանյութ)
Հուլիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 49-ամյա մի բնակիչ տան հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը պահում է բույսի չորացված զանգված։
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ քրեական հետախույզները, տեղեկությունը ստուգելու նպատակով, այցելել են նշված հասցե ու բաց դարպասից տեսել հողամասում աճած կանեփի բույսերը։ Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել 1-3 մետր բարձրության կանեփի 852 թուփ։ Տան բակի տարբեր հատվածներից հայտնաբերվել է նաեւ կանեփի մոտ 144 գրամ չորացված զանգված։
Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։
Քննությունը շարունակվում է։
Կարծիքներ