Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատվել շտաբի կազմը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 2025 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝

 

1) կազմակերպել հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ»,- ասված է որոշման մեջ:

 

Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

 

Օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) անհատական կազմը

 

Դավիթ Խուդաթյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)

 

Կամո Ցուցուլյան - Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության պետ

 

Եղիազար Վարդանյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

Նարեկ Մանուկյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Լևոն Հակոբյան - Առողջապահության նախարարի տեղակալ

 

Աննա Ժամակոչյան – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Արամ Ղազարյան - Լոռու մարզպետ

 

Արմեն Գրիգորյան - Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար

 

Էդուարդ Պետրոսյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ

 

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։

 

Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29-ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում:

Տարհանված քաղաքացիներից 6-ը անչափահաս երեխաներ են։

Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում