Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը. Նիկոլ Փաշինյան

Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հումանիտար ճգնաժամն Արցախում ծավալվում է ամբողջ թափով:

Հայաստանի վարչապետն ընդգծեց նաև այն փաստը, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում երեխաները զրկված են կրթության իրավունքից:

«ԼՂ նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտ, բուհերի շուրջ 6800 ուսանող արդեն 1 ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում:

Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Այս անգամ, սակայն, կորոնավիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական մտահոգությունները»: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում, ասենք, 25 տոկոսով, և այսպես շարունակ:

Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է:

Մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ ԼՂ-ում էլեկտրականության հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը: Բնակչությանն էլեկտրաէներգիա է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:

«Այս ամենով Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական հոգեբանական ճնշումը հասցնել մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում