Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանն ու փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիքի մարզում այցելել են Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապանով անցնող հիմնանորոգվող հատված և ծանոթացել կատարված ու ընթացիկ աշխատանքներին։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն հիմնանորոգում է Կապան քաղաքով անցնող մոտ 9.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում ու վերանորոգում։
Հիմնանորոգվող երթևեկելի մասը 94436․0 քմ է։ Իրականացվել է ամբողջ երկարությամբ՝ մոտ 9.5 կմ բարձր ծակոտկեն խոշորահատիկ ասֆալտբետոնե և խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կատարվում են նաև վերին շերտի տեղադրման աշխատանքներ։ 9.5 կմ-ից մոտ 8.5 կմ հատվածում վերին շերտի տեղադրումն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։
Առաջիկայում ճանապարհը կգծանշվի թերմոպլաստով, ինչպես նաև կկահավորվի անվտանգության տարրերով։
Կարծիքներ