ՀՀ-ն կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով. շվեդ պատգամավորը ԵԽԽՎ-ում՝ ժողովրդավարական ինստիտուտների մասին
ԵԽԽՎ-ում Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգի կարծիքով՝ համավարակի, պատերազմի չափազանց դժվար ժամանակաշրջանից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները ուժեղ են դուրս եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգն այս մասին ասաց ԵԽԽՎ նիստում՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագծի ներկայացմանը:
Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը:
Աբերգը նախ նշեց՝ երբ Կիմմո Կիլյունենը նշանակվել է մոնիտորինգի հանձնաժողովի կողմից համազեկուցող 2019-ին, Հայաստանը վերջերս էր իրականացրել թավշյա հեղափոխությունը: «Կառավարության խաղաղ փոփոխություն, որը տեղի է ունեցել սահմանադրական դրույթների խստիվ պահպանմամբ: Դա կարևոր իրադարձություն էր հայկական հաստատությունների պատմության մեջ: Նոր կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ և հավակնոտ բարեփոխումներ, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքին և դատաիրավական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական օրենսգրքին, ընտրական բարեփոխումներին և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը»,-ասաց պատգամավորը:
Աբերգը նշեց պետության ամենաբարձր մակարդակներում մարդու իրավունքները հարգելու և խթանելու կամքի մասին:
Սեպտեմբերին Աբերգի՝ զեկուցող նշանակվելուց ընդամենը 2 շաբաթ անց սկսվել է Արցախի պատերազմը: Նա նկատեց՝ Հայաստանի ինստիտուտները համաճարակային ճգնաժամի պայմաններում արդեն իսկ փորձության էին ենթարկվել, ինչպես եվրոպական երկրներից յուրաքանչյուրը: «Մեր հին եվրոպական երկրներից շատերը դա զգացել են, և համեմատաբար երիտասարդ հայկական ժողովրդավարական ինստիտուտները կարող էին ճնշվել: Բայց ընդհակառակը, նրանք ավելի ուժեղ դուրս եկան այս չափազանց դժվար ժամանակաշրջանից»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա ասաց, որ դա թույլ է տվել լուծել քաղաքական ճգնաժամը: Խոսելով Հայաստանում ՄԻՊ ինստիտուտից՝ նա նշեց, որ այն շատ պոպուլյար է և վայելում է Հայաստանի բնակչության 63 տոկոսի վստահությանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը գերխնդիր է, մենք ողջունում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Մենք խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին ամրապնդել այս ինստիտուտը»,-ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ կորոնավիրուսի համաճարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ստիպել են, սակայն, իշխանություններին սահմանափակել լրագրողների անկախությունը և խոսքի ազատությունը՝ պայքարելով կեղծ լուրերի և ատելության խոսքի տարածման դեմ։ Ըստ նրա՝ նույնիսկ եթե նպատակն իրավաչափ էր, միջոցները չափազանցված էին:
Բանաձևը բազմաթիվ պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին: Ըստ պատգամավորի՝ քաղաքական մթնոլորտը մնում է չափազանց բևեռացված, դատական բարեփոխումները պետք է շարունակվեն:
«Հայաստանը կարող է հպարտանալ մինչ այժմ իր ձեռքբերումներով, և մենք կարող ենք հպարտանալ դժվար ժամանակներում տրամադրած օգնության համար»,-եզրափակեց Աբերգը:
Կարծիքներ