Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյանը՝ Վյաչեսլավ Վոլոդինին
Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ալեն Սիմոնյանը, ողջունելով ռուս գործընկերներին, շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Վոլոդինին հրավերի համար՝ նշելով, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է մեր երկրների ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության վրա:
Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքը քաղաքական ակտիվ երկխոսությունն է բոլոր մակարդակներում, մասնավորապես, մեր երկրների ղեկավարների միջև, որոնք նախանշում են համագործակցության դինամիկան բոլոր ոլորտներում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում խորհրդարանական փոխգործակցության առանցքային դերը՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերն այս համատեքստում շոշափել են առաջիկա նախագծերին առնչվող թեմաներ՝ փաստելով, որ աշխատանքները պետք է շարունակել համակարգային հիմքի վրա՝ ունենալով զարգացման հստակ՝ կոլեգիալության և ռազմավարական գործընկերության պահպանման սկզբունքներով նախանշված վեկտոր:
Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան:
«Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն անվանելով ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում: Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ: «Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման և մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքին և Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերին:
Կարծիքներ