Փորձում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հասնել․ ՀՀ- ում Չինաստանի դեսպան
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը անդրադարձավ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների գտնվելու մասին հարցին։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցն իրենց համար կարևոր է, քանի որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ իրենք բարեկամական հարաբերություններ ունեն։
«Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ զինծառայողների՝ Հայաստանի տարածքում գտնվելու հարցին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք փորձում ենք երկու երկրի միջև բանակցային գործընթացի միջոցով հաստատել խաղաղ հարաբերությունների»,- նշեց Ֆան Յոնը։
Ադրբեջանական զորքերի կողմից մի քանի ուղղություններով ՀՀ տարածք ներխուժման մասին ՀՀ ՊՆ-ն հայտնեց մայիսի 12-ին: Մինչ այս պահը խնդիրը լուծում չի ստացել: ՀՀ պաշտոնական շրջանակների հայտարարությունների համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում խնդիրը լուծելու և ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս բերելու համար:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանը մայիսի 24-ին անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության», - ասել էր նա:
Կարծիքներ