Հայաստանը մի շարք երկրներում կբացի դիվանագիտական ներկայացուցչություններ
Հայաստանը 2023 թվականին դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանատուն, հյուպատոսություն, դիվանագիտական գրասենյակներ կբացի մի շարք երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«2023-ին նախատեսում ենք մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ և գրասենյակներ բացել: Այս պահին պլանավորում ենք բացել դեսպանություն Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում»,-ասաց Միրզոյանը:
Վերջերս Իրանը Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն, և վաղուց արդեն կար ձեռք բերված պայմանավորվածություն, որ Հայաստանն էլ Թավրիզում կբացի հյուպատոսություն:
Իսկ ինչ վերաբերում է Ուրուգվայում դեսպանության բացմանը՝ նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարի Ուրուգվայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի ընթացքում է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել: «Ուրուգվայում դեսպանությունն ունենալը մեզ հնարավորություն կտա նաև լատինաամերիկյան երկրների հետ այդ հարթակում առանձին հարաբերություններ հաստատել»,-նշեց Միրզոյանը:
Հայաստանն այս պահին նախատեսում է նաև դիվանագիտական գրասենյակներ բացել: Կիպրոսում այն կգործի Հունաստանում ՀՀ դեսպանության ներքո, իսկ Սերբիայում՝ Բելգրադում՝ Չեխիայում ՀՀ դեսպանության ներքո: ԱԳ նախարարը նշեց Հայաստանի և Կիպրոսի ավանդական ջերմ հարաբերությունների մասին՝ նկատելով, որ գուցե շատերի համար տարօրինակ հնչի, որ մինչև այս պահն այդ ներկայացուցչությունը չի եղել Կիպրոսում: Նախարարը Սերբիայի հետ ևս հարաբերությունների զարգացման հեռանկարներ է տեսնում, Սերբիան ևս Երևանում բացել է դեսպանություն, փոխադարձության կարգով Հայաստանն էլ առայժմ դիվանագիտական գրասենյակ կբացի Սերբիայում:
«ՌԴ Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացենք: Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր այս որոշման մեջ»,-նշեց Միրզոյանը:
Կարծիքներ