Քրդամետ կուսակցությունն արձագանքել է իր դեմ ներկայացված մեղադրական եզրակացությանը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) հայտարարություն է արել երկրի գերագույն դատախազության կողմից HDP-ի վերաբերյալ Սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու կապակցությամբ, հաղորդում է Ermenihaber-ը։
Կուսակցության սոցցանցի պաշտոնական էջում կոչ է արվում դատել մաֆիայի անդամներին՝ ակնարկելով, որ կառավարության անդամները կապված են հանցախմբի հետ:
«Ոչ թե HDPԿ-ին, այլ մաֆիային դատիր» հեշթեգով արված գրառման մեջ մասնավորապես ասված է. «ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն AKP -խմբ.) և MHP-ի (ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքի պատմությունը մաֆիան է գրում: HDP-ի պատմությունը ժողովուրդն է գրում: Մաֆիայի վերաբերյալ խոստովանությունների թեմայով ձայն չհանողները ցանկանում են, մեր կուսակցության վրա հարձակվելով, պահպանել իրենց իշխանությունը»:
Թուրքիայում այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների (մասնավորապես ՆԳ նախարար Սուլեյման Սոյլու) հնարավոր կապը մաֆիայի պարագլուխների հետ:
Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայից փախած ու ԱՄԷ-ում ապաստանած հանցախմբի պարագլուխ Սեդաթ Փեքերը սոցցանցի իր էջի պարբերական ուղիղ եթերների ընթացքում ուշագրավ բացահայտումներ արեց Սոյլուի և այլոց մասին:
Կարծիքներ