Պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում, որ Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին շեշտեց կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին:
«Մենք տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը ՄԱԿ անվտանգության խորհրդում կարևորագույն քննարկում տեղի ունեցավ այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին, հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար:
«Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:
Կարծիքներ