Ադրբեջանի ԶՈՒ կողմից 4 անձի սպանության, ևս 1-ի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ ՔԿ
Հակառակորդի կողմից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
«2024 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։ Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ։ Եվս մեկ անձ՝ Ռուստամ Վարդանյանը, ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք և առիթ` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ