Ըստ պատգամավորի՝ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ նախագիծը առաջիկա քառօրյային կքննարկվի և կընդունվի
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը անդրադարձավ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ օրինագծին, որը քննարկվել էր ԱԺ քառօրյայի ընթացքում, և, ըստ Գրիգորյանի, քիչ է լուսաբանվել:
«Մենք ունենք մի իրավիճակ, որում այս պահի դրությամբ կան որոշակի օրենսդրական խնդիրներ՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ պայմանավորված այդ վճարումները իրականացնելու, թոշակների տոկոսաչափի հետ կապված: Պետաիրավական հանձնաժողովի մի շարք պատգամավորների կողմից նախաձեռնվել է նախագիծը, որը ստացել է դրական եզրակացություն և ընդունվել է արդեն առաջին ընթերցմամբ, որին դատական իշխանության շատ ներկայացուցիչներ սպասում են: Միգուցե նաև որոշակի առումով արդարացի է այդ նախագծի ընդունման ձգձգման հետ կապված դժգոհությունը, բայց այս պահին կարևորն այն է, որ արդեն առաջին ընթերցմամբ այդ նախագիծը ընդունվել է»:
Ըստ Գրիգորյանի՝ նախագիծը առաջիկա քառօրյային ևս կքննարկվի և երկրորդ ընթերցմամբ կընդունվի:
Գրիգորյանը նաև ասաց, որ քաղաքական հայտարարություններին արձագանքելը ոչ մի կերպ չի անդրադառնում դատական իշխանության խնդիրները լուծելու իրենց պատրաստակամության վրա:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն քննարկել է «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է դատավորի կենսաթոշակի չափը սահմանել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով:
Կարծիքներ