Երևանի ավագանու 2 անդամ դուրս է եկել «Հանրային ձայն» խմբակցությունից՝ պահպանելով մանդատները

Երևանի ավագանու 2 անդամ դուրս է եկել «Հանրային ձայն» խմբակցությունից՝ պահպանելով մանդատները

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամ դուրս է եկել խմբակցությունից՝ պահպանելով ավագանու անդամի լիազորությունները։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել այդ խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իրենց լիազորությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունների համաձայն՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը՝ նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին։

Երևանի ավագանին փետրվարի 7-ի նիստում մանդատներից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» դաշինքի անդամներ Նարինե Հայրապետյանին և Սոնա Աղեկյանին։ Ավագանին նման որոշում կայացրեց՝ հաշվի առնելով Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի հաճախակի բացակայությունները ավագանու նիստերից և քվեարկություններից։  «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հակաիրավական է համարել ավագանու անդամներին վաղաժամկետ մանդատից զրկելու որոշումը և հայտարարել, որ այն բողոքարկելու են դատական կարգով։