ԱՄՆ-ի և Ավստրալիայի իշխանությունները կոչ են արել Մյանմայի զինվորականներին ազատ արձակել ձերբակալված պաշտոնյաներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը մտահոգություն են հայտնել Մյանմայում ստեղծված իրադրության առնչությամբ և զինվորականներին կոչ են արել՝ անհապաղ ազատ արձակել պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն և տագնապ է հայտնում այն բանի հետ կապված հաղորդագրությունների առնչությամբ, որ Բիրմայի զինվորականները ձերբակալել են քաղաքացիական կառավարության մի քանի ղեկավարների, այդ թվում՝ պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին։ Մենք կոչ ենք անում Բիրմայի զինվորական ղեկավարներին ազատ արձակել կառավարության բոլոր պաշտոնատար անձանց ու քաղաքացիական հասարակության ղեկավարներին, ինչպես նաև հարգել Բիրմայի ժողովրդի կամքը, որն արտահայտել է նոյեմբերի 8-ի ժողովրդավարական ընտրություններում»,- ասվում է Բլինքենի հայտարարությունում, որը տարածվել է Պետդեպարտամենտի կողմից:
Միևնույն ժամանակ նմանատիպ կոչով է հանդես եկել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը։
«Մենք հորդորում ենք զինվորականներին՝ հարգել իրավունքի գերակայությունը, վեճերը լուծել օրինական մեխանիզմների օգնությամբ ու ազատ արձակել բոլոր քաղաքացիական ղեկավարներին և մյուս անձանց, որոնք անօրիկան կերպով ձերբակալվել են»,- հայտարարել է Փեյնը:
Բացի այդ նախարարը շեշտել է, որ Ավստրալիան աջակցում է Ազգային ժողովի խաղաղ գումարումը՝ 2020 թվականի նոյեմբերին անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքներին համապատասխան»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, զինվորականները ձերբակալել էին Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Մյանմայի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Պետական հեղաշրջման արդյունքում ողջ պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուին, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Այս առնչությամբ զինվորականները հայտարարել են, որ ձերբակալություններն անցկացրել են ի պատասխան «ընտրությունների կեղծման», որոնք երկրում անցկացվել են 2020 թվականի նոյեմբերին 8-ին։
Կարծիքներ