Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը հանդիպման ընթացքում ընդգծել են Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը հանդիպման ընթացքում ընդգծել են Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև՝ Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:

Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ: 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում