Ադրբեջանում Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրել են դիվանագիտական էթիկայի խախտման մեջ

«Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խախտել է դիվանագիտական էթիկան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, փոխանցում է TASS-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի ԼՂ այցի հետ կապված Ալիևի հայտարարությունները ձևով և բովանդակությամբ անընդունելի են։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը եղել է հիմնավորված և ճիշտ։ Այլ պետության ղեկավարի հայտարարության մասին ֆրանսիացի նախարարի անպատասխանատու և անընդունելի ձևով արված մեկնաբանությունը խախտում է դիվանագիտական ավանդույթները։ Ցավով փաստում ենք, որ մեծ ավանդույթներ ունեցող պետության ԱԳ նախարարը դա չի գիտակցում»,-ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ Պեկրեսի՝ նախագահի թեկնածուի կարգավիճակը նրան Ադրբեջանի օրենքներից վեր դասվելու իրավունք չի տալիս։
Կարծիքներ