Սյունիքի սահմանամերձ համայնքներում կատարվում է կարիքների գնահատում՝ ներդրումների ակնկալիքով
Սյունիքի սահմանամերձ համայնքներում անցկացվում են քննարկումներ կարիքների գնահատման, բիզնես գաղափարներ վերհանելու համար: Նպատակը մեկն է՝ բնակիչների շրջանում բացահայտել բիզնես հնարավորությունները, որոնք նրանք պատրաստակամ են իրականացնել: Վերջին քննարկումն անցկացվել է Ներքին Խնձորեսկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ հնարավորությունները տարբեր ուղղություններով են՝ պտղատու այգիներ, մեղվաբուծություն, ցեղական կովերի բուծում և այլն:
«Շեշտը դնում ենք հենց բնակիչների հնարավորությունների վրա: Այլ բան է, որ համայնքն է առաջարկում, մեկ այլ բան է, երբ այդ առաջարկությունը բխում է բնակչի կարիքներից, հնարավորություններից և պատրաստ է ներդրում ունենալ այդ գաղափարը մինչև վերջ առաջ տանելու համար: Հանդիպումներից կառանձնացնեի այն, որ փոխօգնության մեխանիզմը հրաշալի աշխատում է, մարդիկ ուզում են, միմյանց աջակցելով, ոտքի կանգնեցնել գյուղը»,-ասաց Իրինա Յոլյանը:
Համայնքի կարիքները գնահատելուց հետո, Իրինա Յոլյանը նշեց, որ փորձում են գտնել ներդրողներ, դոնորներ, որոնք պատրաստակամ են սահմանամերձ բնակավայրերում զարգացնել, որևէ ոլորտ: Տվյալ դեպքում գյուղատնտեսություն, անասնապահություն, հողագործություն: Արդեն իսկ կան գաղափարներ, բնակիչները միմյանց հետ քննարկել են և գիտեն, թե ինչ են ուզում, որն է բնակավայրի զարգացման տեսլականը:
«Մենք նաև պետք է աշխատենք զբոսաշրջային երթուղիների զարգացման ուղղությամբ: Գիտենք, որ պատերազմից հետո տուրիզմն ամենաշատ տուժած ոլորտներից է: Պետք է քայլեր ձեռնարկենք իրավիճակը բարելավելու, քիչ-քիչ վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Իրինա Յոլյանն՝ ընդգծելով, որ բնակավայրերի կողքին են, նրանց հետ աշխատում են, փորձում են ծրագրերը ներկայացնել տարբեր կազմակերպությունների, դոնորների, անհատների, որոնք պատրաստ են օժանդակել: Նրա խոսքով, եթե մի տնտեսությանը որևէ մեկը կամ կազմակերպությունը պատրաստ լինի խրախուսել, այնտեղ, թեկուզ, փոքր բյուջե ներդնել, ապա մեծ օժանդակություն կլինի: Գաղափարները կան, գյուղացիների կողմից պատրաստակամությունը կա, սպասվում են ներդրումներ:
«Մարդիկ ցանկանում են մնալ իրենց գյուղում, ամուր կանգնած են հողին, ուզում են տնտեսությունները զարգացնել, չէ որ պատերազմի հետևանքով շատ բան են կորցրել: Կրճատված տարածքների հետևանքով, բիզնես հնարավորություններն ու եկամտի աղբյուրները դարձել են խիստ սահմանափակ: Հիմա շատ կարևոր է, որ այլընտրանքային լուծումներ առաջարկվեն»,-ասաց Իրինա Յոլյանը:
Բիզնես գաղափարներ վերհանելուց ու դրանք համապատասխան ծրագրեր դարձնելուց բացի, կարևորվում է նաև բնակիչների հմտությունների զարգացումը: Արդեն իսկ նման առաջարկներ եղել են տարբեր կազմակերպություններին, որ գյուղատնտեսության ոլորտում անցկացվի մասնագիտական ուսուցում:
Իրինա Յոլյանը նշեց, որ Ներքին Խնձորեսկը միակը չէ, իրենց ուշադրության կենտրոնում են Որոտանը, Ակները և մյուս բնակավայրերը: Այցերն ու քննարկումները կշարունակվեն, որ նոր իրողություններով պայմանավորված, հասկանան, թե նոր մարտահրավերն ինչ մեխանիզմով են կարողանում հաղթահարել:
Աննա Գզիրյան
Կարծիքներ