ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին լուրերը
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են տարվում Վրաստան։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին հայտնել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ. «Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։
Նշում է, որ Վրաստանյան pirvelinews.com լրատվականը, հղվելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են տարվում Վրաստան։
«Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում»,- pirvelinews.com-ի փոխանցմամբ՝ ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանի դիմաց բազմահազարանոց ցույց է մեկնարկել։ Բանն այն է, որ վրացիների որոշ մասը դեմ է երկրի խորհրդարանում վերջերս առաջին ընթերցմամբ ընդունած «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա։
Կարծիքներ