«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն»-ը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ

«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ /տեղադրված է www.cpeer.am կայքում/: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Դրամաշնորհները տրվում են այն հետազոտողներին, որոնք աշխատում են կրթական, հետազոտական և խորհրդատվական կազմակերպություններում, ունեն առնվազն տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ներկայացվող հետազոտական թեմայով հրատարակված աշխատանքներ: Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը երկու տարվա տևողությամբ մինչև 8մլն. դրամի սահմաններում:
Ֆինանսավորման համար կենտրոն ներկայացվող հետազոտական ծրագրերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:
1. Հստակ սահմանված լինեն հետազոտության արդիականությունը, նպատակը և այն խնդիրները, որոնց լուծման միջոցով պետք է ապահովվի հետազոտության նպատակի իրագործումը:
2. Ներկայացվեն հետազոտությունից ակնկալվող արդյունքները և դրանց գիտա-գործնական և կրթական նշանակությունը:
3. Ներկայացվեն հետազոտության իրականացման քանակական և որակական մեթոդները և գործիքակազմը :
4. Ներկայացվի հետազոտության իրականացման աշխատանքային ծրագիրը՝ յուրաքանչյուր 6 ամսվա համար և յուրաքանչյուր փուլի համար ակնկալվող արդյունքները:
5. Հետազոտության արդյունքների պարբերաբար հրատարակում, իսկ ավարտից հետո ավարտական հաշվետվության ներկայացում, այդ թվում՝ գիտաժողովի կամ սեմինարի միջոցով:
6. Հետազոտության իրականացման ծախսերի ներկայացում՝ ըստ հիմնական ուղղությունների:
Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կենտրոնը ընդունում է համապատասխան դիմումն ընդունելուց հետո՝ առավելագույնը 20 օրվա ընթացքում: Ծրագրերը կարող են վերադարձվել դիմամատուին՝ լրացուցիչ պարզաբանումներ և լրացումներ կատարելու՝ հիմնադրամի կողմից սահմանված չափանիշներին բավարարելու համար: Նույն դիմումը կրկին ներկայացնելու դեպքում կենտրոնը իր որոշման մասին դիմումատուին հայտնում է 7 օրվա ընթացքում:
Կենտրոնի կողմից հետազոտական աշխատանքների համար վճարումները իրականացվում են փուլերով և հավասար չափաբաժիններով՝ առաջինը կանխավճարն է, հաջորդ փուլերը՝ յուրաքանչյուր 6 ամիս՝ համապատասխան հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Ֆինանսավորումը առաջին փուլից հետո իրականացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսած արդյունքները ըստ տեխնիկական առաջադրանքի ներկայացնելու և կենտրոնի կողմից ընդունելու դեպքում:
Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 15-ը:
Առաջարկությունները կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Կոնտակտային հեռախոսներ՝ Քաղաքային հեռախոս։ 011 509 400
Բջջային հեռախոս։ 033 500598
Կարծիքներ