ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը ինքնաբերաբար ուժի մեջ է մտնելու մարտի 4-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, չի ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը: Սակայն նկատենք, որ, ըստ սահմանադրության, Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը ինքնաբերաբար ուժի մեջ է մտնելու։
Պարզաբանենք, օրենքի համաձայն՝ եթե նախագահը չի ուղարկում վարչապետի հրամանագրի նախագիծը Սահմանադրական դատարան, ապա եռօրյա ժամկետը լրանալուց հետո հրամանագիրն ինքնաբերաբեր ուժի մեջ է մտնում: Հիմա պարզաբանենք ամսաթվերով․ եթե մինչ մարտի 3-ը ներառյալ նախագահը Սահմանադրական դատարան չի ուղարկում Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության մասին հրամանագրի նախագիծը, ապա Օնիկ Գասպարյանը ինքնաբերաբար հրաժարական է տալիս մարտի 4-ին:
Ստացվում է՝ նախագահ Սարգսյանը, ճիշտ է, արձանագրեց, որ հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, և միջնորդագիրը հետ ուղարկեց առարկություններով, սակայն, երկրորդ անգամ չստորագրելով, ընթացք տվեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հաստատելուն։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը:
Ըստ հայտրարության՝ միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Կարծիքներ