Ղազախական վեց գազային ընկերություններ կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ
Հեղուկ գազ վաճառող ղազախական վեց ընկերությունների նկատմամբ հետաքննություն է ընթանում, նրանք կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ, ասել է Ղազախստանի մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը Khabar 24 հեռուստաալիքի եթերում:
Հրապարակումների համաձայն՝ կասկածի տակ են հայտնվել «Կազմունայգազը», «Ակտոբեմունայգազը», «Կազգերմունայգազը» և «Ղազախօյլ»-ը։ Եվս երկու ընկերության անուններ չեն նշվում։
«Նրանց գործողություններում առկա են գնային հանցավոր համաձայնության և շուկայում գերիշխող դիրքի չարաշահման փաստեր»,- ասել է Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ թանկացումը տեղի է ունեցել 2021թ-ին: Եթե սկզբում մեկ տոննա գազի արժեքը կազմում էր մոտ 67 հազար տենգե, ապա տարեվերջին այն գերազանցել է 100 հազարը, հաղորդում է Khabar 24-ը։ Հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 20 օրվա ընթացքում և կներկայացվեն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
Կարծիքներ