Գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ է եղել. Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացահայտումը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 2-ին, ժամը 00.50-ին, զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի գիշերային ակումբում ծեծկռտուք է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին հինգ երիտասարդ նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Ակումբի տնօրենից ընդունվել է հաղորդում:
Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդներից մեկը ներկայացել է Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ են ստացել, որ նշված դեպքի ժամանակ երիտասարդներից մեկի ձեռքին ատրճանակ է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:
Նշվում է, որ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ