Բնակարանային գողություններ Գորիսում. կա կալանավորված
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր տվել Գորիսի մի բնակիչ. կոտրել էին հանգուցյալ եղբոր տան երկրորդ հարկի պատուհանի ճաղավանդակը, բացել պատուհանն ու գողություն արել:
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ուսումնասիրեց տարածքը, ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ:
Նույն օրը Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և Գորիսի քրեական հետախույզներն անցան գործի: Շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ ոչ միայն այս, այլև մի քանի այլ գողություններ կարող է կատարած լինել Գորիսի Գետափնյա փողոցում բնակվող 41-ամյա տղամարդը:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին, հետո նաև ներկայացվեց նախաքննական մարմին: Նա խոստովանեց, որ Զորավար Անդրանիկի փողոցի առանձնատուն մտել էր հոկտեմբերի 9-ին:
Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ 41-ամյա տղամարդը սեպտեմբերին մտել էր Բակունցի փողոցի երկու տուն, և մի տնից գողացած ոսկեղենը գրավադրել էր վարկային կազմակերպությունում: Պարզվեց, որ հոկտեմբերի կեսերին Անդրանիկ Զորավարի փողոցում մտել էր ևս երկու առանձնատուն, մի տեղից տարել էր ոսկեղեն, մյուսից` խմիչք ու տարբեր իրեր, իսկ օծանելիք ու փող տարել էր Յոլյան փողոցի մի տնից: Նույն նպատակով նա գնացել էր նաև Անկախության և Գալստյան փողոցներ, գողացել փող ու տարբեր իրեր:
Իրավապահները ստացել են տեղեկություն, որ տղամարդու գողացած ապրանքները թաքցված են նկուղում: Ստուգվել և հաստատվել է նաև այս տեղեկությունը: Նրա կինը դրանք ինքնակամ ներկայացրել է իրավապահներին:
Հետագա միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը խոստովանել է նաև, որ Գորիսի տարբեր տների նկուղներից գողացել է գունավոր մետաղներից պատրաստված իրեր:
Նա կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ