Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը՝ եկեք գնանք ընտրության, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր առաջարկին: Վարչապետը նշեց, որ այն հանրային համերաշխության ձևավորման միջոց էր, ուղղված էր խորհրդարանական ուժերին, սակայն մինչև փետրվար խորհրդարանական ուժերը շարունակաբար մերժեցին այն:
«Մենք ասացինք, որ եթե ընդդիմությունը, առավել ևս՝ խորհրդարանական ընդդիմությունը և Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող «17+»-ի շարժումը, մերժում են այդ առաջարկը, ուրեմն իմաստ չունի ի հեճուկս ամբողջ քաղաքական դաշտի անել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այսօր խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է, որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ ընտրությունների առաջարկը արել ենք ընտրություններ չանելու համար: Այսինքն՝ դա եղել է ձևական առաջարկ, սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք մերժել են, և մենք ի սկզբանե պլանավորած ձևով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը:
Ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել, որ եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, ասել ենք, որ մեր խոսքի տերն ենք, և այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կանենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև համոզված ենք, որ ժողովուրդը նույն կերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն:
Իրենք ասում են, որ ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը: Իրենք ունեին բոլոր հնարավորությունները՝ հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը: Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը և նետում եմ այս մարտահրավերը: Եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք՝ ինչ է պահանջում ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք անգամ կարգախոսների տարբերակներ էին մտածել ու որոշել էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկի ընդունվելու դեպքում իրենց կարգախոսը կլիներ «Վե՛րջ թավիշին»:
Դիմելով բազմությանը՝ վարչապետը նշեց, որ իրեն վարչապետի կարգավիճակի է հասցրել ժողովուրդը, և միայն ժողովուրդը կարող է իրեն հեռացնել այդ կարգավիճակից: Եվ ժողովուրդը պետք է քվեարկությամբ ստանա այդ հնարավորությունը:
«Ես էսօր ձեզնից ներողություն խնդրեցի, ուզում եմ համոզված լինել, որ դուք ինձ ներում եք, որ մեզ ներում եք: Եվ մարտահրավերը նետում եմ խորհրդարանական ուժերին՝ եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Եվ ես ձեզ խնդրում եմ՝ աջակցեք այս կոչին, մի՛ վախեցեք, ի՛մ ժողովուրդ:
Այդ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մի նպատակ ունի. մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը: Որովհետև դուք պիտի հաղթեք: ՀՀ-ում որևէ ուժ հաղթող չպետք է լինի, պիտի լինի միայն ու միայն մի ուժ՝ ժողովուրդը: Եվ մնացած ուժերը՝ քաղաքական, զինված ու բոլոր մյուս ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությանը, և ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ