Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ ԱԺ պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը ապրիլի 15-ին մասնակցել են Ժողովրդավարական ներգրավվածության և հաշվետվողականության ինստիտուտի (IDEA) կողմից կազմակերպած «Համաշխարհային նորարարությունները ժողովրդավարությունում» խորհրդարանական փոխանակման ծրագրի բացման արարողությանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տաթևիկ Գասպարյանը։
«Մասնակիցների թվում էին Եվրոպառլամենտի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Արգենտինայի, Բրազիլիայի,Չիլիի, Քենիայի, Մալավիի, Նիգերիայի և Տանզանիայի խորհրդարանի պատգամավորներ, գիտնականներ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսին, որը կարևորել է կանանց դերը պետություններում ժողովրդավարության կայացման և զարգացման գործընթացում։
«Երբ կանայք ներգրավված են քաղաքականության մեջ, ժողովրդավարությունները հաղթում են։ Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է նաև պետությունը»,- ամփոփել է Նենսի Փելոսին»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ