ՏԿԵ նախարարությունը և Զարգացման գերմանական ընկերությունը կքննարկեն կոնկրետ ծրագրային փաթեթներ

ՏԿԵ նախարարությունը և Զարգացման գերմանական ընկերությունը կքննարկեն կոնկրետ ծրագրային փաթեթներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԳԴՀ վերականգնման վարկերի բանկի (KFW) դուստր ձեռնարկության՝ Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը։

Ինչպես FreeNews-ին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է բավական լավ համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։

«ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ՝ ավելացնելով, որ Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է լավ համագործակցություն ծավալել նախարարի հետ։ Կլաուս Վենդելբերգերը ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի դաշնության հետ համագործակցության շրջանակներում զարգացման առումով ամենակարևոր գերատեսչություններից մեկն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարվում ինչպես GIZ-ի, այնպես էլ գերմանական KFW բանկի հիմնական գործընկեր»,,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին։ KFW հայաստանյան գրասենյակը ՏԿԵ նախարարության հետ ներկայումս աշխատում է երեք հիմնական ուղղությամբ՝ կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի, Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ջրերի կառավարման և խմելու ջրին ուղղված աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության ծրագրերի ֆինանսավորման գծով փոխնախագահ Պետեր Գյերգյայը իր հերթին ընդգծել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, գործող ծրագրային փաթեթների՝ «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «Որոտան կասկադ» ՓԲԸ-ի շրջանակներում լրացուցիչ ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նա նշել է, որ ներկայումս ամենալուրջ ներդրումային ծրագիրը, որը իրենք դիտարկում են, վերականգնվող էներգետիկայի ոլորտում է։

ՏԿԵ նախարարության տեղեկացմամբ՝ Սանոսյանն իր հերթին առանձնացրել է ջրամատակարարման, ջրահեռացման ոլորտում իրականացվող ծրագրերը, Կապսի ջրամբարի կառուցումը՝ կարևորելով գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը։ Նախարարը գերմանական կողմի ուշադրությունն է հրավիրել մաքրման կայանների և դեպի մաքրման կայաններ տարվող ենթակառուցվածքների կառուցման, ջրամբարաշինության, ճանապարհաշինության ուղղությամբ՝ որոնք ՀՀ կառավարության համար մնում են որպես առաջնային ուղղություններ։ Նախարարի խոսքով՝ այդ ուղղություններով տարբեր ծրագրեր կան, որոնց շրջանակներում կարելի է համագործակցել։
Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել՝ քննարկելու համար ավելի կոնկրետ ծրագրային փաթեթներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում