Այսօր կհրապարակվի Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման միջնորդության վերաբերյալ որոշումը
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատական ակտը կհրապարակվի հունիսի 23-ին:
Չարչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը ասաց, որ իր կողմից որևէ պարտադրանք չի եղել ԲԿ-ի աշխատակիցների նկատմամբ:
«Որևէ պարտադրանք, որևէ հարկադրանք իմ արած գործողությունների մեջ չկա: Ես կարող եմ ձեզ խնդրել` դա պարտադրանք չի, ձեզ հորդորել` դա պարտադրանք չի, պահանջել` դա նույնպես պարտադրանք չէ: Ահա, եթե խնդրելուց, հորդորից, պահանջից հետո որոշակի միջոցներով ստիպեի, որ դուք դա անեք` այդ դեպքում պարտադրանք է, բայց իմ ասածի մեջ պարտադրանք չկա»,- հավելեց Չարչյանը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան, 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով): Չարչյանը ձերբակալվել էր, սակայն պաշտպանները դատարան բողոք էին ներկայացրել ձերբակալման դեմ, որը բավարարվել էր, և նա ազատ էր արձակվել:
Միևնույն ժամանակ, դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
ԿԸՀ-ն բավարարել էր Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունները: Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Կարծիքներ