Մեծամասնության նկատմամբ փոքրամասնության «հաղթանակի» այս խայտառակ արդյունքներով հնարավոր չէ առաջ շարժվել. Բաբաջանյան

Մեծամասնության նկատմամբ փոքրամասնության «հաղթանակի» այս խայտառակ արդյունքներով հնարավոր չէ առաջ շարժվել. Բաբաջանյան

Երևանցիների մեծամասնությունը «Հանուն Հանրապետության» կուսակցության նման որոշեց չմասնակցել այս ընտրություններին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ երևանցիների մեծամասնությունը չհամակերպվեց և ակտիվորեն բոյկոտեց, մերժեց առաջարկված «մենյուն»:

«Երևանցիների մեծամասնությունը օտարացած արհամարհեց կեղծ կարգախոսներն ու լոզունգները:

Փոքրամասնության նկատմամբ ցանկացած հաղթանակ պյուռոսյան հաղթանակ է: Մեծամասնության նկատմամբ փոքրամասնության «հաղթանակի» այսպիսի խայտառակ արդյունքներով հնարավոր չէ առաջ շարժվել: Մեծամասնության նկատմամբ տարած փոքրամասնության այս «հաղթանակը» լրջագույն հարված է հասցնում իշխող թիմի հռչակած խաղաղության օրակարգին, որը Հայաստանի համար կենսական կարևորություն ունի:

Այս ընտրություններում ստացած արդյունքներով իշխանությունը ցանկանում էր վստահության քվե ստանալ՝ առաջիկա ակտիվ դիվանագիտական շրջափուլի համար: Ընտրությունների անմխիթար արդյունքները մեծ խնդիր է դառնում նաև այդ ճակատում:

Հայաստանի առջև և երկրի շուրջ շատ ավելի հիմնարար մարտահրավերներ են՝ անվտանգային և արտաքին քաղաքական, որոնք դիմագրավելու համար պետք է հարուցել արտահերթ համապետական ընտրություններ:

Հայաստանի շուրջ հյուսված մարտահրավերները հաղթահարելու համար պետք է փոխվի երկրի ինստիտուցիոնալ ընդդիմության պատկերը:

Իշխանության ընդդիմադիր հատվածի գործունեության ամեն օրն աշխատում է Հայաստանի դեմ, Արցախի դեմ, մեր ապագայի դեմ, երկրի հարատևության դեմ»,-գրել է Բաբաջանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում