«Պնդումը բացարձակապես սուտ է». Halo Trust-ը հերքել է թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզների փոխանցումը
Արցախում ականազերծման աշխատանքներով զբաղվող բրիտանական HALO Trust ընկերությունը հերքել է թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզի փոխանցման լուրերը։ Այս մասին ընկերությունը հայտարարել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«HALO Trust-ը տեղյակ է պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում HALO Trust-ն աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ HALO Trust-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասվում է ընկերության հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը լրատվամիջոցների մեկի հետ զրուցյում մանրամասնել էր, որ բրիտանական HALO Trust ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։
«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ HALO Trust ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- ընդգծել էր պաշտոնյան:
Կարծիքներ